top of page

Մերձավոր Արևելքի գլխավոր իրադարձությունները՝ մայիսի 14-ի առավոտյան

  • 2 hours ago
  • 1 min read

Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ լարված և անկայուն։ Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների մասին հաղորդագրությունները միայն արտացոլում են երկխոսություն հաստատելու փորձերը․ շփումներն անկանոն բնույթ են կրում և մինչ այժմ արդյունք չեն տվել։

Միևնույն ժամանակ, Իսրայելը, չնայած հայտարարված հրադադարին, շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին, ինչը վկայում է հրադադարի ռեժիմի փաստացի խախտման մասին։ Ընդհանուր առմամբ տարածաշրջանը շարունակում է մնալ երկարատև էսկալացիայի վիճակում, և հետագա սրացման ռիսկերն առկա են։

NEWS.am-ը ներկայացնում է Մերձավոր Արևելքում հինգշաբթի գիշերը տեղի ունեցած հիմնական իրադարձությունների ամփոփ տեսությունը։

  • ԱՄՆ Սենատը կրկին արգելափակել է դեմոկրատների բանաձևը, որը նպատակ ուներ սահմանափակել նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները Իրանի դեմ ռազմական ուժ կիրառելու հարցում, հաղորդում է CBS News-ը։

  • Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին զգուշացրել է Իսրայելի հետ «դավադրության մեջ մտնող» պետությունների պատասխանատվության մասին։ «Թշնամությունն Իրանի մեծ ժողովրդի հետ՝ հիմար արկած է։ Միևնույն ժամանակ Իսրայելի հետ դավադրությունը աններելի է։ Նրանք, ովքեր Իսրայելի հետ դավադրության մեջ են մտնում՝ պառակտում սերմանելու նպատակով, պատասխանատվության կենթարկվեն», - գրել է Արաղչին X սոցիալական ցանցում։

  • ԱՄՆ-ը հույս ունի Չինաստանից ավելի ակտիվ քայլեր ստանալ Հորմուզի նեղուցով նավարկությունը վերականգնելու ուղղությամբ, Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք հույս ունենք համոզել նրանց ավելի ակտիվ դեր խաղալ՝ ստիպելու Իրանին հրաժարվել այն ամենից, ինչ նրանք այժմ անում են Պարսից ծոցում», - հայտարարել է Ռուբիոն։

 
 
bottom of page