top of page

Մտնում են մարդկանց բերանը, աչքերն ու քթանցքերը. Ինչո՞ւ են Երևանի մի քանի շրջաններում կտրուկ ավելացել մլակները

  • 7 hours ago
  • 2 min read

Երևանի կենտրոն և տարբեր վարչական շրջանների բնակիչներն ահազանգում են՝ նախորդ տարիների համեմատ, այս տարի մլակները շատացել են։ Պատճառը, պարզվում է, անձրևոտ եղանակն է։ Սակայն նույնիսկ այդ դեպքում, բնապահպան Սիլվա Ադամյանը համոզված է, եթե պատկան մարմինները կատարեին անհրաժեշտ աշխատանքներ, ադ վիճակը չէր լինի։

«Այդ ամենը կլիմայական փոփոխությունների և Երևանի քաղաքապետարանի կողմից անհրաժեշտ միջոցառումներ չանելու հետևանք է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Սիլվա Ադամյանը։

Նա նշեց, որ էկոլոգիական մշտադիտարկումն ու Հիդրոմետ ծառայության հետ աշխատանքը պետք է համահունչ լինի։

«Երբ որ Հիդրոմետ ծառայությունը տալիս է եղանակի կանխատեսումը, պատասխանատուները պարտավոր են ուշադրություն դարձնել բույսերին, կենսաբազմազանությանը»,- ասաց մասնագետը։

Նա նշեց, որ այս տարի ողջ աշխարհում գարունը բավականին երկար է՝ որոշ տեղերում ձնառատ է, որոշ տեղերում տեղումներն են շատ։

«Մեր երկրում տեղումներն են շատ։ Այն երկրներում, որտեղ տեղումները շատ են, խոնավությունը բարձր է, մլակների քանակն ավելանում է։ Դա ընդունված բան է, նորմալ իրավիճակ է, սակայն մեզ մոտ  խնդիրներ են առաջացել»,- ասաց Սիլվա Ադամյանը։

Նա ընդգծեց, որ համապատասխան կառույցները պետք է Հիդրոմետ ծառայության կանխատեսումներին համահունչ որոշակի միջոցառումներ անեին. օրինակ, հատուկ դեղորայքներով, որոնք կենսաբազմազանությանը, մարդու առողջության համար վտանգավոր չեն, սրսկեին ծառերը։  

«Կարծում եմ՝ քաղաքապետարանի բնապահպանության բաժինը տեղյակ է իրավիճակից, բայց միջոցառում չեն արել կամ քիչ քանակությամբ, ոչ պատշաճ։ Կրկնում եմ՝ սա նորմալ երևույթ է, կապված է տեղումների քանակի ավելացման հետ, ուղղակի պետք է  արվեին անհրաժեշտ միջոցառումներ»,- նշեց բնապահպանը։

Սիլվա Ադամյանը մլակների, միջատների բազմացումը կապում է նաև զինված ընդհարումների հետ. «Այո, զինված ընդհարումները մեծ նշանակություն ունեն, քանի որ մենք չգիտենք, թե ինչպիսի զենքեր են կիրառվում։ Բնականաբար, միայն անօդաչու թռչող սարքեր չեն։ Զարգացած երկրներն ունեն զենքեր, որոնք հատուկ ազդեցություն ունեն շրջակա միջավայրի վրա»։

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը Panorama.am-ի հետ զրույցում մլակների քանակի ավելացման երեք պատճառ նշեց։

«Մլակների շատ լինելը պայմանավորված է անձրևներով, այսինքն քաղաքում, քաղաքամերձ հատվածներում տիրող խոնավ իրավիճակով։

Մենք մարտի 20-ից սկսած իրականցնում են սրսկման աշխատանքներ։ Բոլոր վարչական շրջաններում արդեն երկու անգամ սրսկում իրականացվել է, Կենտրոն վարչական շրջանում՝ երեք անգամ։ Սակայն անձրևները սրսկած քիմիական նյութը լվանում, տանում են, ազդեցությունն արդյունավետ չի լինում։ Պայմանավորված գրեթե ամենօրյա անձևրներով, այս սրսկման միջոցներն էլ չեն կարողացել 100 տոկոսով օգնել»,- մանրամասնեց Ա. Բեգոյանը։

Որպես երրորդ պատճառ նա նշեց Երևանի որոշ հատվածներում հիվանդ ծառերի առկայությամբ, մասնավորապես թեղիների, որոնք «ժողովրդական լեզվով» ասած, շիր են արձակում, մոծակները գնում են դեպի այդ ծառերը։ Ըստ նրա, Կոմիտասի պողոտայում, Երևանի կենտրոնի որոշ հատվածներում պետք է իրավիճակը վատ լինի, քանի որ այդ հատվածներում կան այդ ծառերից և մոծակները շարժվում են դեպի այդ ծառերը։

«Եթե անձրևները դադարեն, հինգ օրվա ընթացքում պատկերը կլավանա, սրսկած նյութերը լավ ազդեցություն կունենան»,- ասաց Ա. Բեգոյանը։ 

Ինչ վերաբերում  թեղիներին, նա ասաց, որ դրանք այլևս կենսունակության ավարտին մոտ ծառեր են, բուժման չեն ենթարկվում, քանի որ պետք է թույլատրելի նորմայից բարձր քիմիական նյութեր կիրառեն, ինչն անթույլատրելի է, ինչն ավելի վնաս է բնակչության առողջությանը, քան մոծակների պատճառով ստեղծված անհարմարությունը։

«Այդ թեղիները ենթակա են փոխարինման։ Վնասատուների ձմեռման, բարգավաճման շտեմարաններ են»,- ասաց Ա. Բեգոյանը։ 

 
 
1/3586
bottom of page