top of page

Հանտավիրուսով վարակված պացիենտի բուժման ընթացքում թույլ տրված սխալի պատճառով՝ 12 բուժաշխատող է ուղարկվել կարանտին

  • May 12
  • 1 min read

Հանտավիրուսով վարակված պացիենտի բուժման ընթացքում անվտանգության արձանագրության խախտման պատճառով՝ Նիդեռլանդների հիվանդանոցներից մեկի տասներկու աշխատակիցներ են տեղավորվել կանխարգելիչ կարանտինի մեջ։ Այս մասին հայտնում է Euronews-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Նեյմեգենի Radboudumc համալսարանական բժշկական կենտրոնում՝ այն բանից հետո, երբ մայիսի 7-ին այնտեղ է տեղափոխվել MV Hondius զբոսանավից տարհանված պացիենտը։ Հիվանդանոցի տվյալներով՝ արյան նմուշառման ժամանակ բուժաշխատողները կիրառել են ստանդարտ ընթացակարգ՝ հանտավիրուսի դեպքում անհրաժեշտ ավելի խիստ արձանագրության փոխարեն։ Բացի այդ, պացիենտի մեզն ուտիլիզացվել է առանց անվտանգության վերջին միջազգային պահանջների պահպանման։

Չնայած վարակման ռիսկը գնահատվում է ցածր, բոլոր 12 աշխատակիցները վեց շաբաթ կգտնվեն կանխարգելիչ կարանտինի մեջ։ Պացիենտը նույնպես շարունակում է մնալ մեկուսացված վիճակում։

«Մենք ցավում ենք, որ դա տեղի է ունեցել մեր համալսարանական բժշկական կենտրոնում։ Մենք մանրակրկիտ կուսումնասիրենք պատահարի հանգամանքները՝ ապագայում նման իրավիճակները կանխելու համար»,— հայտարարել է Radboudumc-ի խորհրդի նախագահ Բերտինա Լահյոյսը։

Նիդեռլանդների դրոշի ներքո հանդես եկող MV Hondius զբոսանավում հանտավիրուսի բռնկումը հանգեցրել է Կանարյան կղզիներում իրականացված լայնամասշտաբ տարհանման գործողության։ Ուղևորների և անձնակազմի անդամների վերջին խումբը Նիդեռլանդներ է վերադարձել երեքշաբթի օրը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ տարհանվածներից առնվազն յոթի մոտ հաստատվել է հանտավիրուս, ևս մեկ դեպք համարվում է հավանական։ Բռնկման հետևանքով մահացել է երեք մարդ։

Առողջապահության ոլորտի ներկայացուցիչներն ընդգծել են, որ բնակչության համար ռիսկը մնում է ցածր, և հորդորել են չհամեմատել այս իրավիճակը COVID-19-ի համավարակի հետ։ Ռոտտերդամ ժամանելուց հետո նավը կենթարկվի ամբողջական ախտահանման։

 
 
1/3587
bottom of page