top of page

Նախընտրական ցուցակից 6-7 հոգի կալանավորված են. Գոհար Մելոյան

  • 2 minutes ago
  • 1 min read

«Իշխանությունը հասկանում է, որ չի կարող օրինական գործընթացի միջոցով ընտրություններում հաղթանակ ունենալ, նման ապօրինությունների է դիմում», «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի երրորդ համար Գոհար Մելոյանը, անդրադառնալով ԲՀԿ ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի կալանավորմանը։



Մելոյանը մեզ ասաց, որ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից էլ կան կալանավորվածներ․ «Մենք հանրային աղմուկ չենք անում, բայց մեր ցուցակից էլ կան մարդիկ այս պահին կալանավորված, տնային կալանքի տակ գտնվող, վարչական հսկողության տակ գտնվող։ Արդեն 320-ից ավելի մարդ՝ մեր համակիրներից, աշխատակիցներից ու թեկնածուներից բերման են ենթարկվել, նրանց քիչ տոկոսն է հետևանքներ կրել։ Ցուցակից 6-7 հոգի ունենք, ովքեր կալանավորված են»։


Մելոյանը նշեց, որ իրենք ԿԸՀ դիմումներ են ներկայացրել․ «Դիմումների մեծ մասը ընթացքի մեջ են, դեռ պատասխաններ չենք ստացել, բայց էս երկու օրը բավականին աղմկահարույց նիստեր կունենա ԿԸՀ-ն, տեսնենք, թե ինչ դիրքորոշում է ներկայացնում ԿԸՀ-ն»։

Անդրադառնալով ՌԴ-ից ընտրողներին Հայաստան բերելու ու իրենց օգտին քվեարկելու մասին Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությանը, Մելոյանը նշեց․ «Այդ ձայնագրությունները միայն մի նպատակ ունեն՝ իշխանության օրակարգը սպասարկելու։ Բացի այդ Հակակոռուպցիոն կոմիտեի նորությունների հատվածը նայում ես ամբողջովին մեր ուժին է նվիրված, այլ գործերով ոչինչ չկա։ Կարծես այս երկրում ուրիշ ոչինչ տեղի չի ունենում։ Այս ձայնագրությունների իսկությունն ու հավաստիությունը մինչ այս պահը արձանագրված չեն, իրավապահը նման ձայնագրությունը հրապարակելու համար առնվազն գոնե ինքն էլ պետք է կաշկանդված լիներ ու թույլ տար, որ փորձաքննություններ իրականացվեն։ Բայց դա չեն անում, քանի որ նպատակ ունեն մինչ ընտրություններն ազդեցություն ունենան ընտրական գործընթացների վրա և մոլորեցնեն հանրությանը։ Եւ վերջապես մենք չգիտենք էդ ձայնագրությունների մեջի մարդիկ ովքեր են»։


Մելոյանն ընդգծեց, որ իրենք կարիք չունեն կաշառքով կամ այլ կերպ մարդկանց շահագրգռելու, քանի որ ունեն բնական մեծ աջակցություն ու մեծ թափով աճող համակիրների բանակ։



 
 
1/3575
bottom of page