ԱԲ հզորություններով մեկ շնչին բաժին ընկնող հայաստանյան վիճակագրությունն ի՞նչ է, եթե ոչ պարզապես տպավորիչ խոսք․ Հակոբ Բադալյան

ՆՎԻԴԻԱ–ի փոխնախագահ, մեր հայրենակից Ռեվ Լեբարեդյանը Հայաստանում անցկացվող Դիջիտեք ֆորումի ընթացքում հայտարարում է, որ ԱԲ հզորությունների առումով՝ մեկ շնչին բաժին ընկնող թվով Հայաստանն առաջատարն է աշխարհում։ Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
«Թվում է, որ հիանալի է, հատկապես, որ այդ մասին խոսում է ոլորտի համաշխարհային առաջատարներից մեկի ղեկավար պաշտոնյա, առավել եւս՝ մեր հայրենակից։
Բայց հարց է առաջանում՝ Հայաստանի տնտեսությանը դրանից ի՞նչ։ Իհարկե լավ է, որ այստեղ կարող ե ներդրումներ արվել այդ ոլորտում, բայց Հայաստանում բյուջեի ճեղքվածքը 2027 թվականին գերազանցելու է մեկ միլիարդ դոլարը, համաձայն ֆինանսների նախարարի։ Հայաստանում ավելանում է արտաքին առեւտրային հաշվեկշռի բացասական սալդոն։ Հայաստանում տնտեսության իրական հատվածում նվազում են արտաքին ներդրումները։ Հայաստանի տնտեսության վիճակագրությունն ապահովվում է գերազանցապես այն բանի շնորհիվ, որ Ռուսաստանը տոտալ պատժամիջոցների ներքո է։
Հիմա, ԱԲ հզորություններով մեկ շնչին բաժին ընկնող հայաստանյան վիճակագրությունը ի՞նչ է, եթե ոչ պարզապես տպավորիչ խոսք։ Ռեմ Լեբարեդյանի համար Հայաստանի տնտեսությունը իր մանրամասներով հաստատ հետաքրքիր չէ։ Մինչդեռ Հայաստանի տնտեսությունը հենց իր մանրամասներով է զգալի Հայաստանի հանրության համար, այլ ոչ թե ԱԲ մասին ժամանակակից խոսքերով»,-գրել է նա։




















