ԿԸՀ-ն, քննելով Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ հարցը, համաձայնություն է տվել. այն չի նշանակում անձեռնմխելիությունից ընդհանրապես զրկում. Արամ Վարդևանյան
- 2 hours ago
- 1 min read

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, քննելով Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու հարցը, որը հիշում եք՝ իրականության, օբյեկտիվության, տրամաբանության հետ առնչություն չունեցող մեղադրանքի մասին է, համաձայնություն տալու հանգամանքը բավարարել է: Այս մասին ԿԸՀ-ի դիմաց, լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը:
«Նշվածը չի հանդիսանում անձեռնմխելիությունից ընդհանրապես զրկում: Սա վերաբերում է մեղադրանք տալուն համաձայնությանը:
Այնուհետև սկսվեց քննարկում՝ խափանման միջոց՝ ազատազրկելուն վերաբերող, կարո՞ղ է կիրառվել թե՞ ոչ: Կրկին դա պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն տա, եթե առաջնորդվում ենք այն մեկնաբանությամբ, ինչով այս ամենը տեղի է ունենում»,-ասել է Վարդևանյանը:
Փաստաբան Արամ Վարդևանյանը նախօրեին հայտնել է՝ Կարապետյանին առնչվող քրեական գործը վերաբերում է «Ուժեղ Հայաստանի» աջակից Ալեքսան Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքին: Ալեքսանյանին մեղադրում են հավաքին մասնակցելու նպատակով մարդկանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։




















