top of page

Ամեն իշխանություն ունի իր գրավիտացիայի կենտրոնը, այս իշխանության համար կենտրոնը կոնֆլիկտն է` նախկինների, անցյալի, պատմության հետ, այն ձգում է իր շուրջը բոլորին. Արփինե Հովհաննիսյան

32 minutes ago
2 min read

Ամեն իշխանություն ունի իր գրավիտացիայի կենտրոնը, այս իշխանության համար կենտրոնը կոնֆլիկտն է` նախկինների, անցյալի, պատմության հետ, այն ձգում է իր շուրջը բոլորին: Գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Քաղաքական շրջապտույտ ու գրավիտացիա: Որևէ իշխանությանքաղաքական քվինտէսենցիան (էությունը) ներքաղաքական կոնֆլիկտն է։ Այս կամ այն չափով: Այս դեպքում ևս, կարծում եմ՝ դա քաղաքական գոյության սնունդ է։

Ծեծն էլ զուտ ատելության ու բևեռացման խոսույթի ֆիզիկական դրսևորումն է, որոշ դեպքերում անգամ իշխանության ընտրողների և նրանցից սպասելիք ունեցողների համար ակնկալելի, ընդունելի, գուցե նույնիսկ` սպասելի։ Անկախ բացատրություններից՝ պատահական չեմ համարում, որ եթերը նաև միտումնավոր չընդհատվեց։

Այսպիսի բաներ միշտ էլ լինելու են։ Եվ սա դառնում է new normal, նորմալիզացվում է։ Միշտ կլինեն սադրողները, ծանր խոսք ասողները, չդիմացողները, ջրի շիշը փոխանցողները, արդարացնողները։ Սա շրջապտույտ է։

Եվ հենց այստեղ ուզում եմ դաշտ բերել մի հասկացություն՝ քաղաքական գրավիտացիա։

Ամեն իշխանություն ունի իր գրավիտացիայի կենտրոնը։ Այս իշխանության համար կենտրոնը կոնֆլիկտն է` նախկինների, անցյալի, պատմության հետ։ Այն ձգում է իր շուրջը բոլորին՝ թե՛ իրենց, թե՛ ընդդիմությանը, թե՛ հանրությանը։ Սադրանք, պատասխան, վրդովմունք, արդարացում, հաջորդ սադրանք։ Ամեն պտույտ ավելի է ամրացնում ուղեծիրը։ Իշխանությունն է որոշում՝ երբ և ինչի շուրջ է լինելու բախումը, մյուսները միայն պտտվում են։

Ընդդիմությունը կարծում է՝ պայքարում է, բայց իրականում պտտվում է։ Արձագանքում է, պատասխանում է, տղայական պահվածք է դրսևորում, ինչը մարդկայնորեն հասկանալի է, բայց քաղաքականապես՝ ՈՉԻՆՉ։ ԶՐՈ: Ավելին, տեղի է ունենում նպատակի փոխարինում․ Փաշինյանի հեռացման կամ նրա ծրագրերի կասեցման փոխարեն ընդդիմադիր հանրությանը սովորեցնում են գոհանալ նրանով, որ «գոնե պատասխան են տալիս»։ «Մեզ չեն ծեծում»-ը դառնում է քաղաքական կրեդիտ։ Սա վտանգավոր է հենց ընդդիմության համար։

Ուղեծրում հայտնված մարմինը կարող է որքան ասես արագ շարժվել, բայց չի կարող դուրս գալ։ Դրա համար պետք է փախուստի արագություն՝ escape velocity։ Ոչ թե ավելի ուժեղ պատասխան նույն ուղղությամբ, այլ որակապես այլ ուղղություն։ Սեփական օրակարգ, սեփական դաշտ, սեփական կենտրոն։

Քանի դեռ դա չկա, իշխանության օրակարգը կշարունակի թելադրվել և իրականացվել։ Օր առ օր, ժամ առ ժամ, ամիս առ ամիս»,- նշել է նա:


 
 
1/3869
bottom of page