top of page

Երեխայի պաշտպանության նոր համակարգի ներդրումը իրականացվելու է փուլային մոտեցմամբ. խորհրդարանական լսումներ

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Sep 24
  • 2 min read
ree

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող շահագրգիռ կողմերի մասնակցությամբ՝ Ազգային ժողովում տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ՝ «Երեխաների իրավունքների պաշտպանության պետական վերաբերելի քաղաքականությունը» թեմայով։

Օրակարգում ներառված է եղել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ մշակված և ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքն ընդունելու և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։   

Անդրադառնալով նախատեսվող բարեփոխումների իրականացման անհրաժեշտությանը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդգծել է երեխաների պաշտպանության կարևորությունը՝ շեշտելով, որ այն պարզապես սոցիալական քաղաքականություն չէ, այլ ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման, անկախության, անվտանգության և բարեկեցիկ ապագայի հիմքը: Նախարարը նաև նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը վճռական հանձնառություն է ստանձնել երեխաների իրավունքների ներառման, արդարության և պաշտպանության սկզբունքների պահպանման հարցում՝ ոլորտային քաղաքականության առանցքում դիտարկելով երեխայի լավագույն շահի ապահովումը։

Իր ելույթում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Ստեփանյանը նշել է, որ օրենսդրական փոփոխությունները լիովին համահունչ են ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին և վկայում են բովանդակային բարեփոխումների ուղին շարունակելու պետության վճռականության մասին։

 «Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականության առանցքում երեխայակենտրոն պետական համակարգի ստեղծումն է, որտեղ յուրաքանչյուր որոշման հիմքում դրված է երեխայի լավագույն շահը։ Այս օրենսդրական բարեփոխումները վերաբերվում են շուրջ 700 հազար երեխայի կյանքին ու ապագային՝ սահմանելով ոչ միայն վերջիններիս պաշտպանված լինելու իրավունքը, այլ նաև արժանապատիվ զարգանալու, կրթվելու և ներուժը բացահայտելու հնարավորությունը՝ ցանկացած բռնությունից զերծ միջավայրում»,- նշել է Տաթևիկ Ստեփանյանը։

Տաթևիկ Ստեփանյանը մանրամասնել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համայնքի դերի բարձրացման, ինչպես նաև խնամատարության ինստիտուտի, որդեգրման գործընթացի, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող մի շարք գերատեսչությունների գործառույթների վերաբերյալ նախագծերի փաթեթով նախատեսված փոփոխությունները։ Այս համատեքստում ընդգծվել է նաև ներդրվելիք տեղեկատվական համակարգի կարևորությունը, ինչը համայնքային մակարդակում մեծ կարևորություն կունենա երեխայի պաշտպանության դեպքի վարման, երեխային կարիքահենք ծառայությունների տրամադրման, մշտադիտարկման, հաշվետվողականության ու թափանցիկության ապահովման գործում։

Նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարն իր ելույթում նաև նշել է, որ Երեխայի պաշտպանության նոր համակարգի ներդրումը իրականացվելու է փուլային մոտեցմամբ, ինչը հնարավորություն կտա փորձարկել նոր համակարգը, ժամանակին բացահայտել և ուղղել բոլոր հնարավոր բացերը՝ ապահովելով երեխաների պաշտպանության մեխանիզմների կայունությունը։

 
 
bottom of page