top of page

«Հիվանդանալը ՀՀ-ում շարունակում է մնալ աղքատացման հիմնական պատճառներից մեկը». Դավիթ Անանյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 6 hours ago
  • 2 min read
ree

ՊԵԿ նախկին ղեկավար Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԴԻՏԱՐԿՈՒՄ 8․ Առողջապահությունը՝ որպես սոցիալ-տնտեսական ռիսկի հայելի (երբ առողջապահությունը դառնում է ոչ թե պաշտպանող համակարգ, այլ սոցիալական ծանրաբեռնվածության աղբյուր)


Առաջին հայացքից թվերը կարծես ահագնացող պատկեր չեն ներկաացնում, մասնավորապես, 2025թ․ հունվար–հոկտեմբերին Հայաստանի՝ բուժօգնության դիմումների քանակը կազմել է մոտ 2.34 մլն՝ ընդամենը +0.9% տարեկան աճով։ Մեկ բնակչի հաշվով բժշկի այցելությունը՝ 0.76 (2024թ․՝ 0.75)։ Այսինքն՝ ստացվում է, որ թվերով գրեթե շարժ չկա։


Բայց հենց այս «կայունությունն» էլ հենց մեր երկրի համար հանդիսանում է վտանգավոր ազդակ․ մարդիկ բժշկի չեն գնում, որովհետև առողջապահական ծառայությունը դարձել է թանկացող և դժվար հասանելի բեռ՝ ոչ թե կանխարգելիչ պաշտպանություն։


Կանխարգելիչ բժշկությունը գրեթե բացակայում է


Առողջապահական ծախսերի կառուցվածքը մնում է վատթարագույն հարաբերակցությամբ, մասնավորապես, բուժում՝ 82%, կանխարգելում՝ 8–9%։


Այս մոդելը նշանակում է, որ պետությունը ներդրում չի անում առողջ մարդու համար, այլ փորձում է «վերանորոգել» հիվանդ քաղաքացուն՝ այն պահին, երբ հիվանդությունն արդեն դարձել է եկամտի կորուստ, աշխատատեղի կորուստ և սոցիալական ճնշում։


Այդպիսով, առողջապահությունը չի կանխում ռիսկերը, այլ արձագանքում է դրանց շատ ավելի ուշ, և շատ ավելի բարձր գնով։


Սեփական միջոցներով բուժվողների բարձր մասնաբաժինը՝ ուղիղ աղքատացման ռիսկ


Յուրաքանչյուր հինգերորդ քաղաքացի դեռևս բուժօգնության ծախսերը հոգում է սեփական միջոցներով։ Սա նշանակում է՝ հիվանդանալը Հայաստանում շարունակում է մնալ աղքատացման հիմնական պատճառներից մեկը։


Երբ ընտանիքը հարկադրված է բժշկական ծառայությունների համար վարկ վերցնել, առողջապահական խնդիրը դառնում է նաև վարկային, եկամտային և համայնքային անհավասարության խնդիր։


Վարակիչ հիվանդությունների բարձր մակարդակը՝ որպես կառավարման խոցելիություն


Վիճակագրությունը ցույց է տալիս, որ զգալի տարածված են թոքաբորբը, աղիքային վարակները և կենդանիներից մարդկանց փոխանցվող հիվանդությունները։


Այս ցուցանիշները խոսում են մեկ բանի մասին՝ «կատարյալ չէ» հանրային վերահսկողությունն ու կանխարգելման քաղաքականությունը։


Հիվանդացության հիմնական ծանրությունը ընկնում է աշխատունակ տարիքի բնակչության վրա


Թվերը ցույց են տալիս, որ հիվանդությունների զգալի մասը գրանցվում է 20–59 տարեկան խմբում։ Սա արդեն ոչ միայն առողջապահական, այլև՝ արտադրողականության, աշխատաշուկայի, ինչպես նաև տնտեսական կայունության խնդիր է։ Երբ աշխատող մարդը ամիսներով դուրս է մնում աշխատանքից, տուժում է ոչ միայն նրա ընտանիքը, այլև ողջ տնտեսության ստեղծվող արժեքը։


«Աճող տնտեսությունն» ընդդեմ աճող առողջական ճգնաժամի


Եթե երկրի տնտեսությունն «աճում» է, բայց քաղաքացին ավելի հաճախ է հիվանդանում, եթե բժշկի հասնելը դառնում է ավելորդ շքեղություն, եթե գյուղական համայնքը բուժօգնությունից կտրված է ժամանակով ու տարածությամբ, ապա առողջապահությունը դառնում է ոչ թե սոցիալական պաշտպանություն, այլ՝ համակարգային տնտեսական սպառնալիք։


Եզրակացություն


Առողջապահությունը պետք է դիտել ոչ թե որպես բյուջետային ծախս, այլ՝ որպես պետության երկարաժամկետ ներդրում մարդկային կապիտալի մեջ։ Առողջ մարդն է ստեղծում տնտեսական արժեք, ոչ թե ժամանակավոր «թվաբանական աճը»»:

 
 
1/3186
bottom of page