«Ժողովուրդ». «Լրագրողների իշխանություն» համարվող ՔՊ-ի օրոք ԶԼՄ-ների նկատմամբ գրաքննությունը մեծ թափ է առնում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Հայաստանի Հանրապետությունում մամուլը հեղափոխությունից հետո ազատ է առավել, քան երբեւէ». իշխանության գալուց մեկ տարի անց՝ 2019 թվականին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն էր արել լրագրող-վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա այս հայտարարություններից շուրջ վեց տարի անց, սակայն, իրական պատկերը եւ փաստերը լրիվ այլ բանի մասին են վկայում:
«Լրագրողների իշխանություն» համարվող ՔՊ-ի օրոք իշխանության վերահսկողությունից դուրս ԶԼՄ-ների նկատմամբ գրաքննությունը գնալով մեծ թափ է առնում: Իշխանությունները մի կողմից, իրենց իրավունքի ու ազատության պահապան հռչակած մի շարք ՀԿ-ներ մյուս կողմից, որոնք շատ դեպքերում առնչություն էլ չունեն լրագրության հետ, իրենց պարտքն են համարում մեդիադաշտի կարգավորման անվան տակ՝ ԶԼՄ-ներին վերահսկելու նոր մեխանիզմներ մշակելու:
Հիմա էլ հերթը «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ինն է, որի նախագահը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի կինն է՝ Տաթեւիկ Մատինյանը՝ մասնագիտությամբ՝ իրավաբան: Երեկ «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ն, ՀՌՀ-ի հետ համատեղ, «Խթանել թափանցիկ եւ վստահելի մեդիայի զարգացումը Հայաստանում» ծրագրի շրջանակում հանրային քննարկում էր նախաձեռնել, որի ժամանակ էլ «ավետեցին», որ մտադիր են տեսալսողական մեդայում տարածվող ատելության խոսքը վերահսկել ու այս նպատակով նոր մեխանիզմներ են մշակում:
Հեռուստանման մեդիա (ԹիՎի լայք) անվան տակ մտադիր են գրաքննել եւ խմբագրել «Յութուբում», «Ֆեյսբուքում», «Տելեգրամում» եւ սոցցանցերում տարածվող կոնտենտը, չխմբագրվողներին՝ վարչական պատասխանատվության ենթարկել՝ տուգանել: Այսինքն՝ ատելության խոսք տարածող ԶԼՄ-ները, որոնց տվյալները հայտնի են, պատասխանատվության կենթարկվեն:
Առաջին հայացքից այս դրական նախաձեռնությունն այդքան մտահոգիչ չէր լինի, եթե խնդրահարույց շատ հարցեր չլինեին:
Օրինակ՝ ինչպես է մեխանիզմը գործելու օրեցօր աճող «սունկ» կայքերի դեպքում, որոնց տվյալները բացակայում են, իրական շահառուն հայտնի չէ, կամ բացվում են յութուբյան, տիկտոկյան կամ այլ սոցհարթակների էջեր, որոնք ատելության խոսք են տարածում:
Սստացվում է՝ նախագիծը մահակ է միայն այն ԶԼՄ-ների համար, որոնք բաց եւ թափանցիկ են գործում եւ պատշաճ կերպով ներկայացնում են իրական շահառուների վերաբերյալ տարեկան հայտարարագիրը. կամ որո՞նք են ատելության խոսքի եւ քննադատության չափորոշիչները, ո՞վ է կարգավորելու դաշտը, ինչպես է վերահսկելու կամ արդյո՞ք վերահսկողության քողի ներքո գրաքննության չեն ենթարկելու լրատվամիջոցների աշխատանքը:
Ի վերջո, արդյոք սա նոր գործիք չի՞ դառնա իշխանության ներկայացուցիչների համար՝ ատելության խոսքի անվան տակ իրենց վերահսկողությունից դուրս գտնվող լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներ բանեցնելու համար:
Սրանք հարցեր են, որոնք անհանգստացնում են մեզ՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներիս, եւ որոնց պատասխանները քնարկման հեղինակները չտվեցին:
Ի դեպ, թեեւ նախագիծը ՀՌԱՀ-ի հետ համատեղ պետք է արվեր, սակայն այդ կառույցից որեւէ ներկայացուցիչ չկար»:
Comments