Հունգարիան վերացրել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության սահմանափակումները

Եվրամիության անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների կոմիտեն (Coreper) հաստատել է բանակցային 4-րդ և 5-րդ կլաստերների շրջանակում ուկրաինական օրենսդրության զննման արդյունքները, հայտնում է «Европейская правда»-ն։
Ավելի վաղ Euronews-ը հայտնել էր, որ Հունգարիան մտադիր է ԵՄ դեսպանների նիստում վերացնել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների վերջին երկու կլաստերների բացման նկատմամբ իր վետոն։
Հունգարիայի վարչապետի աշխատակազմում ԵՄ հարցերով պետական քարտուղար Անդրաշ Բիրո-Նադը նման քայլի մասին ազդակ է տվել հինգշաբթի Բրյուսելում Ընդհանուր հարցերով խորհրդի նիստից առաջ ընդլայնման հարցի քննարկման ժամանակ։
Բուդապեշտը երկար ժամանակ խոչընդոտում էր Ուկրաինայի անդամակցության գործընթացին՝ արգելափակելով բանակցային կլաստերների բացումը։ Նրա վետոն միաժամանակ կասեցրել էր անդամակցության ճանապարհին Մոլդովայի առաջընթացը․ երկու երկրների թեկնածությունները շարունակում են փոխկապակցված մնալ։
Հունգարիայի դիրքորոշումը սկսեց փոխվել, երբ Պետեր Մադյարը իշխանությունից հեռացրեց 16 տարի երկիրը ղեկավարած Վիկտոր Օրբանին։ Առաջին բանակցային կլաստերը բացվել է հունիսին, երկրորդը՝ հուլիսին, ևս երկուսը՝ հոկտեմբերին։
Անցյալ ամիս Կիևն ու Բուդապեշտը համաձայնության են հասել Ուկրաինայի արևմուտքում բնակվող հունգարական ազգային փոքրամասնության իրավունքների շուրջ, որն այնուհետև արժանացել է Ուկրաինայի խորհրդարանի հավանությանը։
Դրանից հետո Հունգարիայի կառավարությունը պատրաստ էր առաջ շարժվել, սակայն ևս մի քանի շաբաթ հետաձգում էր վերջին երկու կլաստերների բացումը։ Օրբանի օրոք տարիներ շարունակ հնչած հակաուկրաինական հռետորաբանությունն այդ քայլը քաղաքականապես բարդ էր դարձրել երկրի ներսում։
Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հոկտեմբերի 16-ին Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի վերջին գագաթնաժողովի շրջանակում, անցկացրել են իրենց առաջին երկկողմ հանդիպումը, ինչը ևս մեկ քայլ էր երկու հարևանների հարաբերությունների ջերմացման ուղղությամբ։




















