top of page

Ինչ է մագնիսական փոթորիկը և ինչպես է այն առաջանում

  • Oct 24, 2025
  • 3 min read

Լրատվական բոլոր միջոցներով պարբերաբար  և ըստ տարածաշրջանների տրվում է կարճաժամկետ ու երկարաժամկետ եղանակային տեղեկատվություն։

Հավանաբար շատերն են նկատել, որ բազմաթիվ ԶԼՄ-եր հակիրճ տեղեկույթ են ներկայացնում Երկրամագնիսական դաշտի վիճակի մասին ու լրատվամիջոցներով  հաճախ է հնչում «մագնիսական փոթորիկ» եզրը:

Մեր հերթական զրույցի թեման  հենց Երկրի մագնիսական դաշտն ու այնտեղ ընթացող փոփոխություններն են:

Երկրի մագնիսական դաշտ  կամ գեոմագնիսական դաշտ անվանումները նույնական են և հաճախակի հանդիպող: Ընդունված է մագնիսական փոթորիկ անվանել երկրամագնիսական դաշտի գրգռումը, որը կարող է տևել մի քանի ժամից մինչև մի քանի օր: Մագնիսական փոթորիկը երկրամագնիսականության  ակտիվության տեսակներից է ու առաջանում է, երբ երկրամերձ տիրույթներ են թափանցում  այսպես կոչված արեգակնային «քամու» հոսքերը ու սկսվում է դրանց փոխազդեցությունը  Երկրի մագնիսոլորտի հետ: Ի դեպ՝ այդ երևույթը գիտական գրականության մեջ անվանում են  տիեզերական եղանակ:

Արեգակնային քամին իոնացած մասնիկների հոսք է, որը Արեգակի պսակից  մեծ արագությամբ՝ 300-1200 կմ/վ, արտանետվում է տիեզերական տարածություն ու մասնավորապես թափանցում է Երկրի մթնոլորտ: Արեգակից եկող լիցքավորված մասնիկների մշտական հոսքի մասին առաջիններից մեկը խոսել է բրիտանացի աստղագետ Ռ. Կերրիգտոնը՝ 1859 թվականին:

1916 թ. նորվեգացի Ք. Բիրկելանդը նշեց, որ  արեգակնային քամին բաղկացած է էլեկտրոններից ու դրական իոններից: Այդ գիտական ուղղության հետազոտությունները ակտիվորեն շարունակվում են: Արդեն իսկ պարզ է, որ նման «քամու» պատճառով Արեգակն ամեն օր կորցնում է մոտ 1 մլն տոննա նյութ: Նաև հստակ է, որ այն բաղկացած է էլեկտրոններից, պրոտոններից ու հելիումի միջուկներից:

Երկիր մոլորակը  կարծես մի հսկա մագնիս է ու նրա մագնիսական հատկությունները բացատրվում են ներմոլորակային էլեկտրական «աղբյուրների» առկայությամբ ու դրա առաջացման մեխանիզմը ամբողջական գիտական բացատրություն դեռևս չունի:

Գիտության տվյալներով՝ մեր մոլորակի մագնիսական դաշտը առաջացել է մոտ 4,2 միլիարդ տարի առաջ: Այն հսկա ուժային դաշտ է, որի ուժագծերը պարուրում են մոլորակը ու նրան պաշտպանում տիեզերական ճառագայթներից:



Փաստորեն Երկրի մագնիսական դաշտը ձգվում է տարածության մեջ և դիմագրավում արեգակնային քամուն, չթողնելով կյանքի համար վտանգավոր մասնիկների հոսքը հասնի մոլորակի մակերևույթին։

Կարելի է հստակորեն ասել, որ մագնիսական փոթորիկը կախված է արեգակնային բռնկումներից: Արեգակի վրա կան բծեր՝ տեղամասեր, որոնք ունեն ավելի ցածր ջերմաստիճան: Այդտեղ ձևավորվում են մագնիսական հատուկ ակտիվության օջախներ, որոնք ճայթքում են «ամպեր»՝ բաղկացած վերը նշված մասնիկներից, որոնց մի մասը շարժվում է դեպի մեր մոլորակը: Հասնելով Երկրին, նրանք ազդում են մոլորակի մագնիսական դաշտի վրա, որն էլ իր փոփոխություններով կարող է շարքից հանել օրինակ էլեկտրական սարքավորումներ:

Հայտնի է, որ ամենահզոր գեոմագնիսական փոթորիկը  տեղի է ունեցել 1859 թվականի սեպտեմբերի 1-ին: Հյուսիսային կիսագնդի գիշերային երկինքը հանկարծ լցվեց պայծառ բռնկումներով: Մարդիկ դեռ նոր նոր էին սովորել էլեկտրական էներգիա օգտագործելը ու հանկարծ ունեցած էլեկտրական տնտեսության մի մասը վթարվեց: Հայտնի են տվյալներ նաև 1921 և 1989 թվականների հզոր մագնիսական փոթորիկների մասին:

Երկրի՝ որպես հսկա մագնիսի բևեռները  շարժուն են ու մոլորակի ողջ պատմության ընթացքում այդ շարժը չի դադարել: Վերջին անգամ Երկրի մագնիսական դաշտի ինվերսիան տեղի է ունեցել 780000 տարի առաջ: Գիտնականները ճշգրիտ չեն կարողանում որոշել թե մագնիսական բևեռների հաջորդ փոփոխությունը երբ է լինելու:

Կան հաշվարկներ, որ Երկրի հյուսիսային մագնիսական բևեռի տեղաշարժի արագությունը  21-րդ դարում 15 կմ/տարուց հասել է 55 կմ/տարու:

Երկրի  մագնիսական դաշտի ինտենսիվությունը տատանվում է  25-65 միկրոտեսլա տիրույթում և  կախված է  աշխարհագրական դիրքից:

Ի դեպ՝ պետք է հատուկ նշել, որ մագնիսի, մագնիսական երկաթաքարի, նրանց կողմից մարմիններ ձգելու հատկությունը, վերջապես կողմնացույցի մասին մարդիկ գիտեին շատ վաղուց: Բայց մի կարևոր հանգամանքի մասին արժե կրկին հիշատակել, չնայած դրան, սովորողները ծանոթ են դպրոցական ֆիզիկայից:

Բանն այն է, որ Էրստեդի կողմից 1820 թ. կատարված հայտնի ու հասարակ փորձը շատ կարևոր էր մագնիսականության ու էլեկտրականության միջև առկա կապը փորձով տեսնելու, իսկ հետագայում տեսականորեն հաստատելու համար: Ուրեմն Էրստեդը իր աշակերտների համար հերթական փորձն է կատարում և ցուցադրական սեղանի վրա կար նաև մագնիսական սլաք՝ սրածայրի վրա տեղադրված: Հանկարծ փորձը դիտողները նկատում են, որ երբ էլեկտրական շղթայով հոսանք է անցնում, ապա մոտակայքում գտնվող մագնիսական սլաքը խոտորվում է: Դա կարող էր տեղի ունենալ միայն երկրորդ մագնիսի առկայության դեպքում, իսկ այդ երկրորդ իրական մագնիսը չկար սեղանին: Մնում էր ենթադրել, որ շարժվող լիցքերը, այսինքն էլեկտրական հոսանքը, իր շրջապատում առաջացնում է անտեսանելի մի մագնիս՝ այսինքն մագնիսական դաշտ, որն էլ իր հերթին փոխազդում է մագնիսական սլաքի հետ ու վերջինս խոտորվում է:

Մագնիսական փոթորիկները շատ մարդկանց մոտ առաջացնում են տհաճ երևույթներ, առողջական խնդիրներ: Մասնավորապես նման մարդիկ կարող են ունենալ գլխացավ, արյան ճնշման տատանումներ, քնի ռեժիմի խախտումներ, և ընդհանրապես ինքնազգացողության վատթարացում: Ինչպես պնդում է այդ ոլորտի հետազոտող Թ.Բրեասը, մարդու մարմնի բջիջները ունեն որոշակի էլեկտրական լիցք  և դրա շնորհիվ փոխազդում են արտաքին մագնիսական դաշտի հետ: Օրինակ եթե գեոմագնիսական դաշտի տատանումների հաճախությունը 1-2 վրկ է, որը համընկնում է մարդու սրտի կծկումների ռիթմի հետ, ապա սիրտ անոթային համակարգի խնդիրներ ունեցողները կունենան ինքնազգացողության վատթարացում:

Առկա են տեղեկություններ, որ կաթվածների, հիպերտոնիկ կրիզների զգալի մասը նման պահերի է տեղի ունենում:

 
 
1/3751
bottom of page