Սասուն Միքայելյանն էլ Ալիևից է զարհուրում՝ տանենք գլխին մոմ թափե՞նք

ԱԺ նախկին պատգամավոր, իրավապաշտպան Նաիրա Զոհրաբյանը «Հրապարակի» հետ զրույցում նկատում է, որ եկեղեցու խնդիրները և Վեհափառի հետ կապված խնդիրները քննարկելու փոխարեն, որով քննիչ հանձնաժողով են ստեղծել, իրենք պիտի քննիչ հանձնաժողով ստեղծեին՝ քննարկելու բանակում ինքնասպանությունների, մահերի խայտառակ դեպքերը, որոնցից վերջինն էլ երեկ էր:
«Այդ կոնտեքստում պետք է քննարկեն նաև Շաքիի դեպքը, որովհետև սա այլևս ազգային անվտանգության խնդիր է: Սա սարսափելի բան է, այսպիսի վիճակագրություն Հայաստանի պատմության մեջ չի եղել: Իրենք ասում են 8 ամսվա մեջ 16 մահ, Վանաձորի հելսինկյան ասամբլեայի տվյալներով 7 ամսվա մեջ 30 մահ բանակում, որոշները ինքնասպանություն, որոշները տարբեր պատճառներով: Նման վիճակագրություն չի եղել՝ այ սրա հետ կապված քննիչ հանձնաժողով պիտի ստեղծեն և, բնականաբար, այդ քննիչ հանձնաժողովում պիտի քննվի այն հարցը, թե ինչպես եղավ, որ ադրբեջանցի զինվորը՝ չգիտեմ դասալիք, թե դիվերսանտ, կարողացավ 12 կիլոմետր մտնել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը և հասնել Շաքի գյուղ, որն, ի դեպ, սահմանամերձ գյուղ չէ»,-ասաց Զոհրաբյանը:
Նախկին պատգամավորը հիշեցնում է, որ քառասունչորսօրյա պատերազմից հետո Ազգային Ժողովում նորից վերանայել են սահմանամերձ գյուղերի ցանկը և 82 գյուղ ստացել է սահմանամերձի կարգավիճակ՝ Շաքին այդ գյուղերի մեջ չէ: Ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանի այսօրվա հայտարարությանը, Զոհրաբյանն ասաց. «Այդ նույն Սասուն Միքայելյանն էր, որ զարհուրելով Ալիևից, ասում էր՝ մենք պետք է խելոք մնանք, ինչքան խելոք մնանք, այնքան մեր համար լավ կլինի: Դե Սասուն Միքայելյանն էլ Ալիևից է զարհուրում։ Շարքային քաղաքացին էլ կարող է զարհուրել այն իրավիճակից, երբ սահմաններն անվտանգ չեն, և ցանկացած պահի ինչ-որ մի ադրբեջանցի, թշնամի, անարգել կարող է անցնել ՀՀ սուվերեն սահմանը, կարող է Ձեր դուռը բացեք ու տեսնեք, որ Ձեր երեխային պատանդառած՝ նստած է: Սասունն էլ Ալիևից է զարհուրում, հիմա տանենք, գլխին մո՞մ թափենք, ի՞նչ անենք»,- հռետորական հարց տվեց Նաիրա Զոհրաբյանը:
Հարցին, թե այս ամենը Փաշինյանի «Ապագա կա»-ի տեսլականի որ պատկերի հետ է համընկնում, նա ասաց՝ զարմանում է, որ ապագայի վերաբերյալ հարց ենք բարձրացնում, քանի որ վստահ չի, որ մինչև 2031 թվականը ՀՀ պետականությունը՝ առնվազն այս սահմաններով, կլինի, թե ոչ ու բացարձակ անիմաստ է համարում ապագայի տեսլականի մասին խոսել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/0d35d7137319a2d974016d8467184771?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAcGRvZgFmZGlkFlECWE_cXMgCD7N3v6mHcf8O0rBE-f5zcnRjBmFwcF9pZAo2NjI4NTY4Mzc5AAEegbqsOs6AH4skL_ep5qWaXzwv2iMoyHVvGonxySsDzEhF6wbCpf0U44Iq1mg_aem_EjeHr04pIZ42MGw5xfPenw
© 2008 - 2026 «Հրապարակ օրաթերթ»




















