Ադրբեջանի «ոսկորների քարոզչությունը», թե՞ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի գործիք
- Octopus Media

- Jul 22, 2025
- 2 min read
Վերջին տարիներին Ադրբեջանը պարբերաբար հրապարակում է լուսանկարներ կամ տեսանյութեր՝ իբր հայտնաբերված զանգվածային գերեզմանոցների կամ մարդկային ոսկորների մասին՝ դրանք ներկայացնելով որպես «հայերի իրականացրած ցեղասպանական քաղաքականության ապացույցներ»։ Այս քարոզչական արշավը ունի հետևյալ հիմնական նպատակները.

• Պատերազմից հետո միջազգային իրավական դաշտում Հայաստանին ճնշման տակ պահել դիվանագիտական ու բարոյական առումով,
• Հայերին ներկայացնել որպես «պատմական ագրեսոր» և «մարդասպան»՝ փոխելով աշխարհաքաղաքական պատմական պատկերը,
• Ստվեր գցել հայկական բանակի և պետության նկատմամբ՝ որպես մարդկային իրավունքներ խախտող ուժ,
• Դեպի արևմուտք՝ ստեղծել կեղծ «փոխադարձ մեղավորության» պատրանք՝ հավասարացնելով իրենց հանցագործությունները հայկական կողմին,
• Հայոց ցեղասպանության հակակշռող կամ զսպող մեխանիզմ ունենալ, որը հետագայում կիրառելով Հայաստանի դեմ Ադրբեջանին հնարավորություն կտա նվազեցնել Հայող ցեղասպանության դերը։
Այս քարոզչության հիմքում ընկած է ոչ թե փաստերի հիման վրա դատողությունը, այլ՝ հմտորեն մշակված մանիպուլյացիոն տեխնոլոգիա։ Այն ունի ծրագրավորված բնույթ և բաղկացած է մի քանի փուլերից.

1. Սիմվոլիկայի շեշտադրում
Օրինակ՝ ներկայացվում են ոսկորների նկարներ՝ մանկական խաղալիքների կողքին կամ քաղաքացիական հոգուստով և այլն՝ զուտ էմոցիոնալ մանիպուլյացիայի նպատակով։
2. Տեղեկատվական մթնոլորտի ստեղծում
Նախ նախապատրաստվում է տեղեկատվական դաշտ, որում վերհիշվում են «պատմական թշնամանքները»՝ դրանով արդարացնելով ադրբեջանական գործողությունները։
3. Միջազգային հարթակների օգտագործում
Ադրբեջանը փորձում է գրավել միջազգային կազմակերպությունների ուշադրությունը՝ խնդիրը ներկայացնելով որպես իրենց դեմ «մարդու իրավունքների խախտում»։
4. Հակահայ հիստերիայի ընդլայնում
Ադրբեջանին ներկայացնում է ոչ միայն որպես պաշտպանվող երկիր, այլ՝ «պատմականորեն տուժած ժողովուրդ»։
Այս ամենի համատեքստում կարևոր է դիտարկել այն իրականությունը, որը գոյություն է ունեցել Ադրբեջան-Հայաստան «հարաբերություններում»։
Սակայն փաստերով ամրապնդված իրականությունն այլ է.
• Արցախյան պատերազմների ընթացքում հենց Ադրբեջանն է կիրառել զանգվածային գնդակահարություններ (Բաքվի հայերի ջարդեր 1990-ին, Մարաղա, Թալիշ, Հադրութի քաղաքացիական սպանություններ 2020-ին)։
• Հայաստանում երբեք պետական մակարդակով չի գործադրվել բռնություն գերեվարված կամ քաղաքացիական անձանց նկատմամբ։
• Ադրբեջանը երբեք չի համագործակցել լիարժեք անկախ փորձագետների կամ միջազգային հումանիտար կառույցների հետ՝ իր ներկայացրած «զանգվածային գերեզմանոցների փաստը» հաստատելու համար։
Իսկ ինչպիսի ռիսկեր կան հենց Հայաստանի համար՝
Միջազգային վարկանիշի վնաս՝ Ադրբեջանի քարոզչությունը կարող է մոլորեցնել անտեղյակ հասարակություններին ու քաղաքական շրջանակներին, իրավաբանական սպառնալիքները՝ այս քարոզչությունը ապագայում կարող է դառնալ միջազգային հարթակներում՝ Հաագայի դատարաններում կամ ՄԻԵԴ-ում, կեղծ հայցերի հիմք և սփյուռքի նկատմամբ ճնշում՝ այս արշավը ազդելու է նաև հայկական սփյուռքի վրա՝ նրանց ներկայացնելով որպես «ցեղասպանողների սերունդներ»։
Միջազգային հեղինակավոր պարբերականները ու վերլուծաբանները պարբերաբար արձագանքել այս արշավիններին՝ տարբեր դիտանկյուններից։

• EVN Report հանդես է եկել բազմապիսի վերլուծություններով, որտեղ ներկայացվում է Ադրբեջանի կիրառած "mirror propaganda" տեխնիկան՝ կեղծ պատկերներ, կրկնօրինակված տեսարաններ և հայկականի մանիպուլյացիան։
• Time Magazine-ը, անդրադառնալով Արցախյան ճգնաժամին, ընդգծել է տեղեկատվական պատերազմի դերակատարումը տարածաշրջանում։
• Modern Diplomacy վերլուծական կայքը մատնանշել է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող քարոզչությունը նպատակ ունի վերաշարադրել պատմությունը՝ այդ թվում՝ լոբբիստական ճանապարհով ազդելով միջազգային կազմակերպությունների վրա։
Ադրբեջանի ոսկորների քարոզչական արշավը ոչ թե հիշողության արդարություն է, այլ քաղաքական մանիպուլյացիա՝ ուղղված Հայաստանի վարկաբեկմանը։ Սա դասական հիբրիդային պատերազմի բաղադրիչ է, որը պահանջում է Հայաստանի կողմից ինտելեկտուալ, մեդիա և դիվանագիտական դիմադրություն։
Միջազգայանագետ, Ադրբեջանի հարցերով փորձագետ՝ Գառնիկ Դավթյան




















