Թուրքիա–Ադրբեջան համատեղ զորավարժությունները՝ ռազմավարական ճնշման գործիք Հայաստանի դեմ
- Octopus Media
- Aug 7
- 2 min read

Վերջին տարիներին Թուրքիա և Ադրբեջան պետությունները ակտիվորեն խորացրել են իրենց ռազմական համագործակցությունը՝ համատեղ զորավարժությունների տեսքով։ Այս վարժանքները ոչ միայն ունեն ուսուցողական ու տեխնիկապես ինտեգրող բնույթ, այլև դիտարկվում են որպես ռազմավարական ազդակներ՝ ուղղված Հայաստանի անվտանգության միջավայրի խաթարմանը։ Հայաստանի շուրջ ստեղծվող նոր ռազմաքաղաքական իրականությունը, հատկապես Նախիջևանում ու Արցախի հարակից շրջաններում իրականացվող զորավարժությունների ֆոնին, ձևավորում է ճնշման նոր մեխանիզմ, որի նպատակն է ավելացնել բախման ռիսկերը և թուլացնել Հայաստանի դիրքերը տարածաշրջանում։
Վերլուծության մեջ կքննարկենք այս զորավարժությունների նպատակները, աշխարհագրությունը, քաղաքական ուղերձները և դրանց հնարավոր հետևանքները Հայաստանի ազգային անվտանգության տեսանկյունից։
Վերջին 4-5 տարիներին Թուրքիան և Ադրբեջանը ակտիվորեն անցկացրել են լայնածավալ զորավարժություններ, որոնցից ամենահայտնիներն են․
“Mustafa Kemal Atatürk–2021, 2023, 2025”, “Indestructible Brotherhood(Անխորտակելի եղբայրություն)–2025”, Սահմանամերձ զորավարժություններ Իրանի սահմաններին (2022) և այլն։
Այս զորավարժությունները անցկացվել են հիմնականում Նախիջևան, Բաքու և Արցախի օկուպացված շրջաններում, Իրանի հետ սահմանային գոտիներ՝ Աստարա, Ջրական, Իմիշլի և այլն։
Զորավարժություններին ներգրավվել են հազարավոր զինծառայողներ, տանկեր, հրետանի, անօդաչու թռչող սարքեր (Bayraktar), ռազմական ավիացիա (F-16), կապի և ՀՕՊ համակարգեր։ Այս բոլոր բաղադրիչները վկայում են այն մասին, որ այս վարժանքները տեխնոլոգիական և մարտավարական խորություն ունեն՝ միտված ոչ միայն ներպետական ուժերի ուսուցմանը, այլև՝ ռազմաքաղաքական ազդակ հաղորդելուն։
Թուրքիա–Ադրբեջան զորավարժությունները ունեն հետևյալ ռազմավարական նպատակները․
• Միասնական ռազմական կառավարման և կապի համակարգերի ներդրում,
• Սահմանի մոտակայքում ուժի ցուցադրում՝ հոգեբանական և դիվանագիտական ճնշման նպատակով,
• Նախիջևան–«Զանգեզուր»–Արցախ համատեքստում ռազմաբազայի դոկտրինի փորձարկում,
• Հավանական հակամարտության պայմաններում՝ ընդհանուր հրամանատարական հարթակի փորձարկում:
Այս բոլոր նպատակները փաստում են, որ զորավարժությունները քաղաքական գործիք են՝ ուղերձ հասցնելու թե՛ Հայաստանին, թե՛ տարածաշրջանի այլ դերակատարներին՝ Ռուսաստանի, Իրանի, նույնիսկ Արևմուտքի ուղղությամբ։
Բոլոր այս զորավարժությունները տեղի են ունեցել Հայաստանի անմիջական հարևանությամբ՝ ռազմավարական անկյուններում։ Հստակ երևում է, թե ինչպես են Նախիջևանի, Արցախի, Սյունիքի և Իրանի սահմաններին ընթացող վարժանքները շրջափակում ստեղծում Հայաստանի շուրջ։
ՀՀ-ի անվտանգության մարտահրավերները այս համատեքստում
Ռազմաքաղաքական մեկուսացում.
Հայաստանի դիրքերը թուլանում են, երբ հարավից՝ Նախիջևանով, հյուսիսից՝ Տավուշով և արևելքից՝ Սյունիքով, ռազմաքաղաքական ճնշում է գործադրվում։ Այս զորավարժությունները նպատակ ունեն ընդգծել Հայաստանի մեկուսացվածությունը և խոչընդոտել նրա ռազմավարական դաշնակցային կայունությունը։
Սահմանների ոչ ստաբիլություն.
Նախիջևանում անցկացվող վարժանքները սպառնում են ոչ միայն հարավարևմտյան Սյունիքին, այլ նաև անուղղակի ճնշում են միջազգային հաղորդուղիների, մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքի շուրջ ընթացող բանակցությունների վրա։ Զորավարժությունները հաճախ զուգորդվում են սահմանային միջադեպերի աճով։
Ռուսաստանի դերի նվազում.
Զորավարժությունների ռազմաքաղաքական ուղերձներից մեկն ուղղված է նաև Ռուսաստանին՝ ցույց տալու, որ Թուրքիա–Ադրբեջան դաշինքն այսօր ավելի օպերատիվ և արագ արձագանքող կառույց է։ Դա Հայաստանի համար նշանակում է անվտանգության նոր անորոշություն։
Թուրքիա–Ադրբեջան համատեղ զորավարժությունների շարունակական բնույթը, դրանց տարածքային տեղակայումը և կիրառվող զինտեխնիկայի բազմազանությունը վկայում են, որ խոսքը միայն ռազմամարզական գործունեության մասին չէ։ Դրանք ուղղված են Հայաստանի ռազմական հավասարակշռությունը խաթարելուն, նրա սահմանային անվտանգության ենթակառուցվածքներին սպառնալիք ստեղծելուն և քաղաքական ճնշման նոր գործիք ձևավորելուն։
Նախիջևանի ռազմականացման գործընթացը, Արցախի սահմանամերձ գոտիներում տեխնիկայի կուտակումը և Իրանի սահմանին վարժանքների անցկացումը վկայում են լայնածավալ ռազմաքաղաքական ծրագրի մասին, որը պետք է դիտարկվի ոչ թե առանձին դեպքերի, այլ մեկ միասնական ռազմավարության համատեքստում։ Այս պայմաններում Հայաստանի անվտանգությունը պահանջում է ոչ միայն պաշտպանական կարողությունների զարգացում, այլև բազմակողմ դիվանագիտական և տեղեկատվական հակազդեցություն՝ միջազգային հանրությանն այս գործընթացների ռազմաքաղաքական վտանգների մասին իրազեկելու միջոցով։
Հայաստանը կանգնած է նոր սերնդի հիբրիդային սպառնալիքների առջև, որտեղ ռազմավարությունը ձևավորվում է ոչ միայն զենքով, այլ նաև ճնշումներով, զորավարժանքներով և քարոզչությամբ։
Միջազգայանագետ, Ադրբեջանի հարցերով փորձագետ՝ Գառնիկ Դավթյան