Սիրիայի կառավարությունն ու քրդական ուժերը ինտեգրման վերաբերյալ համաձայնության են հասել
- Armen Sukiasyan

- 3 hours ago
- 1 min read

Քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) հայտարարել են Սիրիայի կառավարության հետ նոր համաձայնության գալու մասին։ Այս մասին ասվում է SDF-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
«Հրադադարի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել՝ որպես համապարփակ համաձայնագրի մի մաս, որը նախատեսում է երկու կողմերի ռազմական և վարչական կառույցների փուլային ինտեգրման գործընթաց»,- ասվում է հայտարարության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ համաձայնագիրը ներառում է ռազմական ուժերի դուրսբերումը շփման գծերից, Սիրիայի ՆԳՆ ենթակայության տակ գտնվող անվտանգության ուժերի տեղակայումը Ալ-Հասաքե և Ղամիշլի քաղաքների կենտրոնական շրջաններում և տարածաշրջանում անվտանգության ուժերի ինտեգրման գործընթացի սկիզբը։
Ավելին, համաձայնագիրը նախատեսում է ինքնակառավարման ինստիտուտների ինտեգրումը սիրիական պետական կառույցներում՝ պահպանելով պետական ծառայողների աշխատատեղերը։ Կողմերը նաև համաձայնել են կարգավորել քրդական բնակչության քաղաքացիական և կրթական իրավունքները և ապահովել տեղահանված անձանց վերադարձը իրենց ծագման վայրեր։
«Համաձայնագրի նպատակն է պահպանել սիրիական տարածքի միասնությունը և հասնել տարածաշրջանի լիարժեք ինտեգրմանը՝ ամրապնդելով շահագրգիռ կողմերի միջև համագործակցությունը և համատեղելով երկրի վերականգնման ջանքերը»,- ասվում է հայտարարության մեջ։




















