Ովքե՞ր կարող են դիմել նոր բիոմետրիկ անձնագրեր ստանալու համար. եթե անձնագրի ժամկետը չի լրացել, քաղաքացիները չե՞ն կարող դիմել

Նոյեմբերի 1-ից Հայաստանում ամբողջությամբ կգործարկվի կենսաչափական համակարգը, և քաղաքացիները կկարողանան դիմել նոր կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտեր ստանալու համար։
ՆԳ նախարարի խոսքով՝ այդ օրվանից քաղաքացիներին հնարավոր կլինի գրանցել կենսաչափական անձնագիր ստանալու համար։
«Բազմաթիվ գրասենյակներ ենք ունենալու թե՛ Երևանում, թե՛ մարզերում։ Երևանի երկու մոլերում ենք ունենալու նաև գրասենյակներ, որոնք նոր մշակույթ կբերեն հանրային ծառայությունների մատուցման տեսանկյունից։ Նոյեմբերի 1-ից այդ գրասենյակները պատշաճ գործարկման ենթակա կլինեն»,– ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Ավելի ուշ ՆԳ նախարարությունից հայտնեցին, որ նոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ-ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակ՝ թվային ծառայությունների նոր հնարավորություններով։
MediaHub-ին դիմել են բազմաթիվ քաղաքացիներ, նրանց հետաքրքիր է, թե ովքե՞ր կարող են դիմել և ստանալ նոր կենսաչափական անձնագրերն ու նույնականացման քարտերը։
«Ես ունեմ թե՛ հին, բայց դեռ ժամկետի մեջ գտնվող բիոմետրիկ անձնագիր, թե՛ սովորական անձնագիր։ Հիմա նոյեմբերից ես կկարողանա՞մ ունենալ նոր անձնագիր»,– ասաց մեզ դիմած քաղաքացին։
«Բիոմետրիկ անձնագիր շատ եմ ուզում ունենալ, սակայն անձնագիրս նոր եմ վերցրել, չեմ հասկանում՝ կարո՞ղ եմ դիմել և ստանալ նոր անձնագիր։ Բիոմետրիկն առավելություններ ունի արտասահմանում և վիզա ստանալու ժամանակ»,– ասաց մեկ այլ քաղաքացի։
MediaHub-ը դիմեց ՆԳՆ՝ հասկանալու, թե ովքե՞ր կկարողանան դիմել նոր անձնագրերի համար, արդյո՞ք եթե հին անձնագիրը չի լրացել, կկարողանան դիմել։
«Նոյեմբերի 1-ից նոր կենսաչափական անձնագրեր ստանալու համար կարող են դիմել այն քաղաքացիները, որոնց անձնագրի վավերականության ժամկետը լրացել է, անձնագրի էջերն ամբողջությամբ օգտագործվել են վիզաների և համապատասխան նշումների համար, անձնագիրը կորել է կամ դարձել է օգտագործման համար ոչ պիտանի»,– MediaHub-ի հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Սարգսյանը նշեց, որ այն քաղաքացիները, որոնց գործող անձնագրերը դեռևս վավերական են, կարող են շարունակել օգտվել այդ անձնագրերից և վավերականության ժամկետի ավարտից հետո սահմանված կարգով դիմել նոր անձնագիր ստանալու համար։
Մարիաննա Արամյան




















