Մերձավանի կրակոցների հետևանքով զոհված երկրորդ անձը քրեական ոստիկան է. նախաձեռնվել է քրեական վարույթ
- Sep 24, 2025
- 1 min read

Մերձավանի կրակոցների հետևանքով զոհված երկրորդ անձը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է:
Լրագրողների հետ զրույցում ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանըն հայտնել է, որ ոստիկանը ծառայության մեջ չի եղել, պարզապես այդ պահին Վալոդյա Գրիգորյանի հետ է եղել. նրանք ընկերական հարաբերություններ են ունեցել:
«Ըստ նախնական տեղեկությունների` մեկ անձ մոտեցել, կրակ է բացել և դիմել փախուստի»,- մանրամասնել է Սարգսյանը:
Նշեք, որ Մերձավանի կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (Սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (Սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»,-հայտնել են Քննչական կոմիտեից:
Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։
Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։
ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։




















