«ՀՀ իշխանությունը ոչ մի բարոյական իրավունք չունի օգտագործել եկեղեցին որպես քաղաքական գործիք»․ Գայանե Ասլամազյան
- Armen Sukiasyan
- 7 hours ago
- 2 min read

Դերասանուհի Գայանե Ասլամազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչու է աշխարհում եկեղեցին օրենքից վեր, բայց Հայաստանում պետությունը փորձում է դառնալ հավատի դատավոր: Վերջերս տեղի ունեցող իրադարձությունները ստիպեցին ինձ ուսումնասիրել այս դաշտը:
Կաթոլիկ եկեղեցու շուրջ սկանդալները լուրեր չեն ու ոչ էլ հակագովազդ․ դրանք պաշտոնապես փաստագրված իրականություն են։
2021-ին Ֆրանսիայում անկախ հանձնաժողովը հրապարակեց զեկույց․ վերջին 70 տարում առնվազն 216 000 երեխաներ դարձել են հոգեւորականների եւ միաբանների սեռական բռնության զոհ։ Գերմանիան մինչ այդ հրապարակել էր մեկ այլ ուսումնասիրություն․ 1 670 քահանա, 3 677 հաստատված զոհ։
ԱՄՆ-ում միայն Պենսիլվանիա նահանգի դատախազությունը բացահայտեց 300 հոգեւորականների գործ և 1000-ից ավելի երեխաների, որոնց պարտադրել էին լռել։
Ավստրալիան անցկացրեց երկրի պատմության ամենամեծ պետական քննությունը․ պարզվեց, որ երեխաների նկատմամբ բռնության մասին բողոքների մեծ մասը վերաբերում էր հենց Կաթոլիկ եկեղեցուն։ Իսպանիայում գնահատեցին, որ շահագործման զոհ է դարձել հարյուր հազարավոր մարդիկ։ Պորտուգալիան պաշտոնապես հաստատեց առնվազն 4 800 դեպք, բայց նույն հանձնաժողովը նշեց․ «Սա մի մասն է միայն»։
Եվ այո՝ դատավճիռներ եղել են։ Արգենտինայում, օրինակ, 2019-ին երկու կաթոլիկ քահանան դատապարտվեցին 42 և 45 տարվա ազատազրկման՝ խուլ երեխաների նկատմամբ բռնության համար։
Բայց գիտե՞ք ով չի նստել որևէ անգամ մեղադրյալի աթոռին՝ Պապը։ Ո՛չ մեկ։ Երբեք։ Ինչո՞ւ։ Որովհետև Պապը ոչ միայն հոգևոր առաջնորդ է, այլ նաև պետության ղեկավար (Վատիկան), իսկ դա նշանակում է՝ ունի դիվանագիտական անձեռնմխելիություն։
2011-ին փորձեցին Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի դեմ վարույթ սկսել Միջազգային քրեական դատարանում, բայց Միջազգային քրեական դատարանի դատախազությունը պաշտոնապես պատասխանեց․ «Մենք իրավասու չենք»։
Այսինքն՝ նույնիսկ եթե Պապը տեղյակ է եղել կամ ծածկել է հանցագործությունները, օրենքը պարզապես չի կարող նրան դատել։
Բայց պատմության մեջ կա մի լրիվ անհավատալի դեպք։ 897 թվականին գործող Պապ Ստեփանոս VI-ը հրամայեց հանել մահացած Պապ Ֆորմոզոսի դիակը, հագցնել եկեղեցական հանդերձանք և նստեցնել սինոդի գահին։ Սկսվեց «մահացածի դատավարությունը»․ նրան մեղադրեցին, «հանեցին սրբազան կոչումից», կտրեցին մատները ու դին նետեցին գետը։ Իսկ ի՞նչ եղավ դատ անող Պապի վերջը: Մեկ տարի անց հենց նրան բարձրացրին գահից, գցեցին բանտ ու խեղդամահ արեցին։ Սա էլ է օրինաչափ՝
երբ դատարանը դառնում է քաղաքական թատրոն — դատավորը դառնում է հաջորդ դատապարտյալը։
Իսկ հիմա վերադառնանք Հայաստան։
Եթե նույնիսկ աշխարհում հազարավոր փաստագրված երեխաների նկատմամբ չարագործությունները չհերիքեց Պապի դատի համար, ապա ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանում պետությունը փորձում է միջամտել սեփական եկեղեցու ներքին գործերին ոչ թե հանցագործության, այլ՝ քաղաքական հաշվարկների պատճառով։
Հայաստանի Սահմանադրությունը հստակ է․
• Եկեղեցին բաժանված է պետությունից։
• Հայ Առաքելական Եկեղեցին ճանաչված է որպես ազգային-հոգևոր հիմնասյուն։
• Պետությունը իրավունք չունի միջամտել նրա ներքին կառավարմանը։
Սա ոչ թե զգացմունք է, այլ օրենսդրական նորմ։ Եվ եթե իշխանությունը փորձում է ճնշում գործադրել եկեղեցու վրա՝ կադրային, գաղափարական կամ քարոզչական եղանակներով, դա այլևս ոչ թե վերափոխում է, այլ՝ Սահմանադրության կամայական խախտում։
Աշխարհը ցույց տվեց՝
• Եթե եկեղեցին իրականում մեղավոր է՝ նա պատասխան է տալիս Աստծո և ժողովրդի առջև։
• Եթե պետությունը սկսում է դատել եկեղեցին՝ նա դառնում է հոգևոր բռնապետ։
Եվ եթե նույնիսկ Պապին չկարողացան դատել հարյուր հազարավոր զոհերի դեպքում, ապա Հայաստանում իշխանությունը ոչ մի բարոյական իրավունք չունի օգտագործել եկեղեցին որպես քաղաքական գործիք։
Որովհետև երբ մեկը սկսում է դատել հավատը՝ դատապարտվում է հենց ինքը»։