Կրթությունը, «ստեղծագործական ոչնչացումը», նոր տեխնոլոգիաներն այն շարժիչ ուժն են, որ կապահովեն ՀՀ զարգացման, քաղաքացիների բարեկեցության մակարդակի բարձրացման հարատևությունը. Խաչատուրյան
- Armen Sukiasyan
- 4 hours ago
- 3 min read

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը բացման խոսքով է հանդես եկել «Ակադեմիական քաղաք Հայաստան․ գիտելիքի միջազգային ֆորում» երկօրյա համաժողովում.
«Համաժողովի հարգելի մասնակիցներ,
Նախ և առաջ ողջունում եմ «Ակադեմիական քաղաք, Հայաստան․ գիտելիքի միջազգային համաժողով» միջոցառման մասնակիցներին:
Համաժողովի վերնագիրն արդեն հուշում է, որ նախատեսվող քննարկումների հիմնական նպատակն է ուսումնասիրել բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ի հայտ եկող գլոբալ մարտահրավերները և նորարարական զարգացումները, ինչպես նաև ներկայացնել Հայաստանի ռազմավարական տեսլականը՝ միջազգային կրթության և հետազոտությունների դաշտում իր դերի առաջմղման ուղղությամբ:
Խոսքս ավելի շատ լինելու է կարճ անդրադարձ այս տարի Նոբելյան Կոմիտեի կողմից շնորհված տնտեսագիտության բնագավառի մրցանակակիրներին: Պատճառը շատ պարզ է՝ նախ այն շնորհվել է տնտեսագիտության տեսության բնագավառում առավել աչքի ընկած գիտնականների՝ այսպես կոչված «ստեղծագործական ոչնչացման» տեսաբաններին, և երկրորդ, այն անմիջական կապ ունի տեխնոլոգիական առաջընթացի, գիտելիքի՝ կրթության հետ:
2025 թվականի տնտեսագիտության Նոբելյան մրցանակը շնորհվել է երեք տնտեսագետների, որոնց աշխատանքը մարմնավորում է Ջոզեֆ Շումպետերի կողմից, դեռևս 20-րդ դարի քառասուննականերին առաջին անգամ առաջ քաշված «ստեղծագործական ոչնչացման» գաղափարը: Ջոել Մոկիրը, Ֆիլիպ Ագիոնը և Պիտեր Հովիտը զարգացրել են պատկերացումները այն մասին, թե ինչպես է տեխնոլոգիական առաջընթացը նպաստում մարդկության զարգացմանը, մարդկանց կյանքի որակի բարելավմանը: Ինչպես նկարագրել է Շումպետերը՝ «... յուրաքանչյուր տեխնոլոգիական առաջընթաց ունի երկու դեմք: Այն ոչնչացնում է՝ հին մեթոդները հնացած դարձնելով, և ստեղծում է՝ շուկան ողողելով նոր ապրանքներով և մարդկային կարիքները բավարարելու ավելի արդյունավետ եղանակներով»:
Նոբելյան կոմիտեի ստեղծագործական ոչնչացման վրա կենտրոնացումը հատկապես արդիական է այսօր՝ արհեստական բանականության վերաբերյալ վախերի գերիշխող դարաշրջանում: Հանրային քննարկումները հաճախ կենտրոնանում են արհեստական բանականության կործանարար կողմի վրա՝ աշխատատեղերի, որոնք այն կարող է դուրս մղել կամ արդյունաբերությունների, որոնք այն կարող է անճանաչելիորեն վերափոխել: Շատ ավելի քիչ ուշադրություն է դարձվում դրա ստեղծագործական կողմին՝ ի հայտ եկող նոր ապրանքներին և ծառայություններին, արդյունավետությանը, որը որոշակի խնդիրներ առաջին անգամ տնտեսապես կենսունակ կդարձնի, և հնարավորություններին, որոնք առաջանում են, երբ ռեսուրսները ազատվում են հին, պակաս արդյունավետ օգտագործումներից:
Համոզված եմ, որ քննարկումների ժամանակ անպատճառ «Ակադեմիական Քաղաքը» կգտնվի շատերի ուշադրության կենտրոնում: Այդ հանգամանքը հաշվի առնելով, ներկայացնեմ արդեն Նոբելյան մրցանակի դափնեկիր, տնտեսագիտության պատմաբան Ջոել Մոքիրի մի քանի մտքեր՝ «Տնտեսական փոփոխությունը, ավելին, քան շատ տնտեսագետներ կարծում են, կախված է նրանից, թե ինչի են մարդիկ հավատում»: Համոզմունքներն ու դիսկուրսը, նյութական փոփոխության հետ միասին, կազմում են ժամանակակից աճի հանելուկի բացակայող կտորները:
Մոկիրի համար նորարարը մի տեսակ ապստամբ է. մեկը, ով չի ցանկանում ընդունել աշխարհն այնպիսին, ինչպիսին այն կա, փոխարենը վճռականորեն տրամադրված է այն վերաձևավորելու: Բարգավաճ տնտեսությունները նորարարությանը որպես վառելիք են ապավինում, սակայն նորարարությունն ինքնին կախված է ինստիտուցիոնալ միջավայրից, որը ողջունում է այս ստեղծագործական ապստամբությունը: Առանց փորձարկումների և այլախոհության բացության, նույնիսկ ամենատաղանդավոր մտքերը չեն ունենա տարածք նոր գաղափարները առաջընթացի վերածելու համար:
Մինչդեռ, Ագիոնն ու Հովիտը առաջամարտիկներ էին այն բանի համար, ինչը մակրոտնտեսագետները անվանում են էնդոգեն աճի տեսություն:
Ի տարբերություն նախկին մոդելների, որոնք աճը դիտարկում էին որպես տնտեսությունից դուրս ուժերի կողմից պայմանավորված, ինչպիսիք են պարզապես կապիտալի կուտակումը կամ պատահական տեխնոլոգիական ցնցումները, Ագիոնն ու Հովիտը ուսումնասիրեցին, թե ինչպես է նորարարությունը առաջանում հենց համակարգի ներսում: Նրանց համար տեխնոլոգիական հնարավորությունները բույն են դրված յուրաքանչյուր հասարակության ինստիտուցիոնալ շրջանակներում, ինչպես ձվի մեջ զարգացող ճուտը: Տնտեսությունները զարգանում կամ լճանում են՝ կախված նրանից, թե որքան լավ են խրախուսում կամ ճնշում ստեղծագործական ոչնչացումը:
Այս տարվա դափնեկիրների կարծիքով, կայուն աճը պարզապես ներդրումների կամ հետազոտական ծախսերի հարց չէ։ Այն պահանջում է տեխնոլոգիական փոփոխությունների նկատմամբ բացություն և դրանց բերած անկայունությունը ընդունելու պատրաստակամություն։
Կառավարությունները պետք է դիմադրեն իրենց ներքին լուդիտներին տրվելու գայթակղությանը` Լուդդիտները 19-րդ դարի անգլիացի տեքստիլ աշխատողների շարժման անդամներ էին, որոնք դեմ էին որոշակի տեսակի ավտոմատացված մեքենաների օգտագործմանը՝ աշխատողների վարձատրության և արտադրանքի որակի հետ կապված մտահոգությունների պատճառով: Նրանք հաճախ ոչնչացնում էին մեքենաները կազմակերպված ասպատակությունների ժամանակ:[1][2] Խմբի անդամները իրենց անվանում էին լուդդիտներ՝ իրենց անվանելով «Նեդ Լադի» հետևորդներ՝ լեգենդար ջուլհակ, որի անունը որպես կեղծանուն օգտագործվում էր գործարանների սեփականատերերին և պետական պաշտոնյաներին ուղղված սպառնալից նամակներում:
Չափից շատ կարգավորումը և հովանավորչական քաղաքականությունը կարող են խեղդել ձեռնարկատիրական փորձարկումները, կասեցնել ներդրումները և, ի վերջո, խեղդել ստեղծագործականությունը։ Մրցակցությունից իրենց պաշտպանել ձգտող շահագրգիռ խմբերի ազդեցության սահմանափակումը նույնքան կարևոր է։ Երբ հաստատված ընկերությունները թելադրում են քաղաքական օրակարգը, նրանք հաճախ դա անում են նորարարների հաշվին, ովքեր մի օր կարող են փոխարինել նրանց։
Մեկ անգամ ևս ցանկանում եմ ընդգծել՝ այս տարվա Նոբելյան մրցանակը հազվագյուտ և արժանի նոտա է ուղղված ու նշանավորելով նրանց, ովքեր խորացրել են մեր ըմբռնումը նորարարության, ինստիտուտների և ստեղծագործական ոչնչացման դինամիկայի վերաբերյալ, կոմիտեն հիշեցրել է աշխարհին, որ տնտեսական առաջընթացը կախված է ոչ թե փոփոխությունից խուսափելուց, այլ այն օգտագործելուց։
Եվ այս փիլիսոփայությունն է, որ պետք է առաջնորդի մեզ առաջիկայում, առավել ևս կրթության բնագավառում ռազմավարական խնդիրները լուծելու, մարտահրավերներին դիմակայելու համար: Կրթությունը, գիտելիքը, «ստեղծագործական ոչնչացումը», նոր տեխնոլոգիաները այն շարժիչ ուժն են, որ կապահովեն Հայաստանի Հանրապետության զարգացման, քաղաքացիների համընդհանուր բարեկեցության և տնտեսության աճի, պետության անվտանգության մակարդակի բարձրացման հարատևությունը»: