ԶԼՄ. Ռուսաստանյան զորքերը հրդեհ են սարքել Զապորոժյեի ատոմակայանի տարածքում(տեսանյութ)
Նիկոպոլի բնակիչները Կախովկայի նախկին ջրամբարի օկուպացված ափին գտնվող Զապորոժյեի ատոմակայանի հովարաններից մեկում հրդեհ են նկատել։ Սա կարող է Ռուսաստանի սադրանքը լինել, հաղորդում է РБК-Украина-ն՝ վկայակոչելով Նիկոպոլի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Եվգենի Եվտուշենկոյի՝ Telegram-ում արված հայտարարությունը։
Ինչպես հայտնել է Եվտուշենկոն, հակառակ ափի աղբյուրների ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, ռուսները հովարանում մեծ քանակությամբ մեքենաների անվադողեր են այրել։
«Միգուցե սա սադրանք է կամ նախկին ջրամբարի աջ ափին գտնվող բնակավայրերում խուճապ ստեղծելու փորձ»,- ենթադրել է նա։
Նա նշել է, որ Զապորոժյեի ԱԷԿ-ն աշխատում է բնականոն հունով, ինչպես հնարավոր է օկուպացիայի պայմաններում, և Նիկոպոլի շրջանի բնակիչներին կոչ է արել հանդարտվել։
Զապորոժյեի ԱԷԿ-ի հովարանները գտնվում են հովացման ջրավազանի վրա՝ ատոմակայանի էներգաբլոկներից զգալի հեռավորության վրա։ Դրանք մթնոլորտային օդով ջուրը սառեցնելու կառույցներ են։
Comments